Wednesday, July 8, 2015

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քաղաքական կողմը

Մաս 1
Ինչու՞ են վախենում «քաղաքական բառից»
Արդյո՞ք իշխանություններին հաճելի է մարդկանց բողոքը, հատկապես հոծ զանգվածը, հատկապես սկզբունքային, համառ ու պողոտա փակող ցուցարարները, սոցիալական բունտը և այլն։
Ո՞րն է «քաղաքակիրթ» լուծումը։
Քաղաքակիրթ լուծումը մեխանիզմներ ստեղծելն է՝ այդ մեխանիզմներին տարբեր անուններ են տալիս՝ ինստիտուտներ, միջին խավ, ինտելիգենցիա, որոշումների կայացման խողովակներ ու հարթակներ, ու վերջիվերջո՝ քաղաքական էլիտայի ձևավորման կուլտուրա իր թաշախուստով։
Այս ամենն անհրաժեշտ է մեկ բանի համար, ոչ մի բուրգ չի կարող լինել վերևից՝ էլիտայից, ու ներքևից՝ «պրոլետարիատից»։
Նման աղճատումը միշտ հանգեցնելու է քաղաքական ճգնաժամերի։
Նման բողոքների ու ցույցերի դեպքում է երևում էլիտայի ձևավորման ինստիտուտների սնանկությունը։ Իսկ ինչպե՞ս է ձևավորվում էլիտան Հայաստանում՝ թաղի տղերքի, վարչական լծակների, ընտրակաշառքի, մամուլի, «ինտելիգենցիայի» ու մի շարք այլ քաղաքական կուլտուրայի միջոցով, որոնք էլ հետագայում ձևավորում են ներիշխանական հարաբերությունները։
Հարց՝ ու՞ր էին այս կառույցները Բաղրամյանի կամ ավելի ճիշտ էլեկտրաէներգիայի սակագնի ճգնաժամի օրոք։
Քաղաքական կոնյուկտուրան չպիտի նման սնանկ լինի։ Ավելին, այսօրվա քաղաքական կոնյուկտուրան, որ ձևավորում է էլիտա մտածում է, որ այս խնդիրների հետ կապ չունի, որ այն պետք է լուծի բյուրոկրատիան ու ոստիկանությունը՝ երկու ապաքաղաքական կառույց։ Ու դրա համար էլ միշտ վախենում է ցանկացած խնդրի քաղաքականացումից, քանի որ դրա պատասխանատուն արդեն ինքն է, իսկ իր մեթոդները այլ են։ Այս մեթոդներից խույս են տալիս նաև շատ ապաքաղաքական շարժումներ ու խմբեր, քանի որ գիտեն վերոնշյալ խմբերի մեթոդները /այդ մեթոդներից միայն ագիտացիոն մամուլն են իրենց մաշկի վրա զգում/։
Սակագնի հարցը չի լուծելու հայաստանի քաղաքական խնդիրները։ Այն պարզապես ի ցույց դրեց քաղաքական կոնյուկտուրայի սնկանկությունը։ Նույնիսկ կարող է խթան հանդիսանալ վեջինիս ձևավորման։
Պետք չի վախենալ քաղաքական բառից։
Սակայն պետք չի վախենալ նաև ապաքաղաքական բառից։
Սրանք երկուսն էլ ունեն լայն հատման շերտ՝ բայց տարբեր աշխարհներ են։
Ազդեցությունն էլ է լինելու երկուսի վրա։ Երազում եմ որ ոչ միայն էներգետիկ հարցը սկսվի լուծվել, այլև քաղաքական տրանսֆորմացիա տեղի ունենա։

Մաս 2
Քաղաքական տրանսֆորմացիա
Քաղաքական կուլտուրան բարդ ու տարիներով ձևավորվող գործընթացի հետևանք է։ եթե նայենք մեր կուլտուրային, կգտնենք մի պարզ ճշմարտություն՝ խնդիր Հայաստանում չկա՝ կան միայն լուծումներ։ Ի եպ, սա իշխող քաղաքական կուլտուրան է, որին ենթարկվելու են բոլոր քաղաքական ուժերն անխտիր՝ ով էլ որ գա իշխանության։ Ցանկացած պաշտոնյա էլ, որ հեռանում է պաշտոնից, հետո այնպես է խոսում, իբր իր ժամանակ ոչ մի խնդիր չի եղել, մինչդեռ հիմա (կամ անցյալում) մյուսների օրոք միայն խնդիրեր էին։
Ինչու՞ եմ սա ասում։ Հայաստանը լեփ լեցուն է խնդիրներով, որոնք չեն բարձրաձայնվում։ Կամ քննադատություն է կամ՝ «դրախտ»։ Սակայն խնդիրները կուտակվում են, միայն միայն լուծում առաջադրելուց է բնակչությունն իմանում, որ կար խնդիր։ Ահա և ցանկացած բողոքի հիմնական աղբյուրը։ Նույնիսկ եթե լուծումն անխուսափելի է (տվյալ դեպքում ենթադրենք 7 դրամ սակագնի աճը), բանական ցանկացած արարծ հարց է տալիս, ինչու՞։ Ինչու՞ մինչև այսօր ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ պարզվեց՝ ՀԷՑ-ը լուրջ ֆինանսական պարտավորություններ ունի, ու եթե յոթ դրամ չբարձրացվի սակագինը՝ «կանցնենք հովհարային ռեժիմի»։ Ցանկացած մարդ բողոքում է։ Սա բնական բողոք է։ Ու բոլոր ոլորտներում էլ այս վիճակն է։ Ինքնախաբեությունն ու խնդիրը թաքցնելը լուծում չէ։
Մեր քաղաքական կուլտուրայում խնդիրը բարձրաձայնելը պետք է դառնա նորմա։ Վատ բան չդիտարկվի։ Նախարարի հեղինակության անկում չպիտի նշանակի խնդրի առկայությունը։ Ավելին, դրա բարձրաձայնելը հետագայում ավելի կհեշտացնի լուծումների փնտրտուքը։ Սկիզբը բնականաբար հեշտ չի լինի։ Բայց այս քայլը մենք պիտի կատարենք։ գոնե հին պաշտոնյաները ռիսկ անեն ու այս քայլը կատարեն։ Ասեն, որ իրենց օրոք ահա այսպիսի խնդիրներ կային։
Իսկ եթե շարունակենք հին ոճով, ապա մեկ ա մեկ սկսելու են տրաքել կուտակված խնդիրները։
Նշածիս սիգնալը երևաց կենսաթոշակային բարեփոխումների տապալման ժամանակ։ Ռեֆորմը տապալվեց, մարդիկ ուրախացան։ բայց խնդիրը, որը տարիներ շարունակ չէր բարձրաձայնվում մնաց՝ մենք ծերացող ազգ ենք, այսօր չխնայենք, վաղը անտեր ենք մնալու։ Մեր ծերությունը վտանգի տակ է։

Մաս 3
Ինչպե՞ս
Իրոք, ինչպե՞ս բարձրաձայնել խնդիրները։ Տարբերակ մեկ, ընդդիմադիր պատգամավորները երբեմն կարող են պարզ հարց ուղղել նախարարներին՝ ոլորտում կա՞ խնդիր, որ լուծում չի ստացել։
Կամ, (այսպես ՄԲ-ում է) նախարարությունները հաշվետվությունում պարտավոր են ներկայացնել նաև ոլորտի խնդիրները ու ստացված բողոքները՝ լուսաբանել բացասական կարծիքները ու անդրադառնան նաև նրանց։
Հույս ունեմ, որ քաղաքական դաշտում գոնե այս մի փոփոխությունը տեսնեմ։

Monday, June 29, 2015

Սակագինն ու էներգետիկայի որոշ նյուանսներ տնտեսագետի աչքով

Երբեմն հիշեցնում եմ, որ այս պրոցեսն ունի այլ կողմեր։ Սա չէի կարդացել։ Ահա ՀԷՑ-ն էլ իր շահերն ունի։
Չեմ ուզում մանրամասնել, ինքս որոշ ժամանակ ուսումնասիրել եմ և՛ ՀԷՑ-ի հաշվետվությունները, և՛ էներգետիկ շատ ցուցանիշներ։
Միայն մի երկու բան կասեմ։

Ա/ Նույնիսկ Հայաստանում իշխանափոխություն լինի, նույնիսկ հրաշքով թալանը վերանա, նույնիսկ ՀԷՑ-ը ազգայնացնեն կամ ծախեն երրորդ կողմին. պարտքերը կան ու կան։ Իզուր չէի ՀԷՑ-ին համեմատում Հունաստանի հետ։ Ասեմ նաև, որ ազգայնացման դեպքում Ինտեր-ՌԱՈ-ն չի բացառվում ֆինանսական օգուտ անի, քանի որ մոտ եռեսուն միլիոն Եվրոյի վարկ է տվել ինքն իր դուստր կազմակերպությանը։

Բ/ Խնդիրն իրականում շատ ավելի խորն է, ու ահա հենց վերոհղված լուրը կարելի է ի ցույց օգտագործել այդ խորությունը ցույց տալու համար։ Իսկ խորությունը ամբողջ համակարգի խելքի բերելն է, ՀԷՑ—ն ուղղակի այսբերգի երևացող մասն է։ Էներգակիրներ, Արտադրողներ, Բաշխումը, Բարձրավոլտն ու նոր միայն ՀԷՑ-ը։ Ու սա միայն մասնակիցները, կա նաև Օրենսդրական, վերահսկողական, կառավարման, մեթոդոլոգիայի լիքը բացթողումներ։

Գ/ Կան շատ հին թալանած/կերած ինչպես նաև լեգիտիմ պարտքեր, որոնց պոչը չես գտնի։ Իզուր չի ՀԷՑ-ը նշում 1999 թվականից սակագնի չբարձրացման փաստը, մինչդեռ սեփականաշնորհվել է երեք տարի անց։ Պարտքերն էլ հետն են տվել, ու ձնագնդիկով գլորել են։ Ձնագնդիկը սխալ եմ ասում, եթե ձնագնդիկ լիներ հեշտ կլիներ։ Հին պարտքը փակել են, ու այն պարտքը, որ գոյացել է երեկ չէ առաջին օրը, վճարել են երկվա փողով, երեկվա պարտքը վճարել են այսօրվա փողով ու այսօրվա պարտքը թողնվել է։ Մի մասն էլ փակել են մեծածավալ վարկերով՝ դրա սպասարկումը դարձնելով այսօրվա պարտք։ Սա այն հիմնական պատճառն է, որ ինձ միշտ զսպել է այս ոլորտ մտնելուց՝ կեղտը տասնամյակներով է, համարյա մինչև անկախության սկիզբ։ Դե գնա ու գտիր պոչը՝ անհնար է։

Դ/ Ինֆորմացիայի պակաս։ Ուրեմն ՀԾԿՀ-ն ոնց որ ծախված մամուլ լինի, որ միայն ինֆորմացիայի մի մասն է տալիս։ Նույնիսկ սակագնի երկու տարբեր թվերի հայտ վերցնենք՝ ֆորմատով իրենք տարբեր են։ Թվերը համադրելի չեն։ Շատ դժվար է վերլուծել։

Ե/ Էներգետիկ տվյալների պակաս։ Սրա մի մասը կա ՀԾԿՀ-ում, մի մասը բաշխիչի մոտ է /իսկ սա կարևոր է, քանի որ սակագնի վրա ազդող գործոնները օրական են/։ Սակագնային տվյալների պակաս՝ սրա մասին գրել եմ։ Բայց մի բան ասեմ, ուրեմն տնտեսական գործունեությունը ու ֆինանսական գործունեությունը տարբեր բաներ են։ ՀԾԿՀ-ն մինչև հիմա խնդրին նայել է զուտ տնտեսական գործունեությունից ելնելով։ Սա սխալ է։ Քանի որ կորուստները ոչ միայն տեխնիկականն են, կամ չվճարումները ու հոսանքի գողանալը, այլ նաև ֆինանսական մենեջմենթը, որը նոր պատկերը ամբողջացնում է։ Էլ չասեմ, որ էներգետիկայի նախարարությունը ընդհանրապես ինֆորմացիոն ժուժկալ է։

Զ/ Գամ էներգետիկայի նախարարությանը։ Ոչ մի խելքը գլխին ստրատեգիա չկա։ Ապագան անորոշ է, իսկ սենց բան չի կարելի անել, քանի որ սակագինը ձևավորվում է կամ ավելի ճիշտ հնարավոր է նվազեցնել նոր ներդրումների միջոցով, նոր ձևերով. պետք է հասկանանք ուր ենք գնում։ Խնդիրը մի օրանոց ու մի տարանոց չի։ Ու այսօր էլ հասել ենք այս վիճակին ստրատեգիայի բացակայության հետևանքով։ Այս պահին այդ նախարարության իմաստը անիմաստ ոնց որ լինի, մինչդեռ իրենք պիտի լինեն դաշտի ճիշտ կանոններ սահմանողը։

Է/Գրածներս բարդ խնդիրներ են։ Բնական է, որ սա բնակչության հետ հարթակում անհնար է ժողովրդավար ձևով քննարկել ու համատեղ բողոքների վերածել։ Մարդկանց ուզածը պարզ է՝ սակագինը բարձր է։ Սա հեշտ է պահանջել/բողոքել, ու բողոքն էլ այդպիսին պիտի մնա։ Ուղղակի փորձեցի մասնագիտորեն որոշ նյուանսներ ասել, որ նրանք ովքեր փորձեն բացել ՀԷՑ-ի բազմաէջ թվերը հաշվի առնեն։


ՀԳ
Եթե վերոնշյալ հղումս չեք բացել ու կարդացել, արեք այն։ Կտեսնեք թե ինչպես է ՀԷՑ-ն էլ իր կողմից պաշտպանվում։

Thursday, June 25, 2015

Բանակցություններն ու պատային վիճակը

Պատային վիճակ հաճախ է լինում բանակցություններում։ Բացատրեմ վիճակն ու տամ լուծումները, միգուցե հեռվից էլի օգտակար լինեմ։
Պատային է այն վիճակը, երբ կողմերը գիտակցում են, որ փոխադարձ լուծում է պետք, իսկ այլընտրանքները երկուսի համար էլ վատն են։ Այս դեպքում, փոխադարձ լուծում նշանակում է՝ իշխանության համար` մարդիկ ցրվեն տներով, կամ գոնե ազատեն պողոտան՝ տեղափոխվելով այլ վայր ցույցի։ Ցուցարարներն էլ են նույնը ուզում, եթե իրենց պայմանը բավարարվի, եթե իրենց ձայնը լսվի /պողոտա փակելու իմաստը միշտ դա է՝ «մի անտեսեք մեր խնդիրը»/։
Այլընտրանքներն այս պահին երկուսին էլ ձեռնտու չի /հեղափոխության փորձ, հարկադրանքով ցրելու փորձ, ավելի շատ սրում և այսպես շարունակ/։
Անհամաձայնությունը բովանդակության՝ սակագնի բարձրացման հետ է կապված։
Պրակտիկան ցույց է տալիս, որ նման բանակցությունները շատ բարդ են, թեպետ թվում է թե հեշտ են։ Բարդ է, քանի որ պետք է գտնել այնպիսի լուծում, որ կողմերի համար ընկալվի ԱՐԴԱՐ։
Արդարության չափանիշները դառնում են բանակցության առարկա։
Մի կողմը ասում է՝ բարձրացնում եմ 7 դրամ, ՀԷՑ-ի շքեղության ծախսերն այդտեղ չկան, սոցիալական մեղման ծրագիր ենք անում աղքատ ընտանիքների համար։ Յոթ դրամն օբյեկտիվ է, այլ ելք չկա, եկեք քննարկենք։ Արդա՞ր է։
Մյուս կողմն ասում է, մի բարձրաձրեք։ Տարիներ շարունակ թալանել են, չեք կարողացել արդյունավետ կառավարել ու վերահսկել, նորից մտնում եք բնակչության գրպանը։ Արդա՞ր է։
Ի դեպ, եթե այս հարցերից որևիցե մեկին միանշանակ պատասխանեցիք այո, ապա բանակցություն չկա։ Չկա մյուս կողմին հասկանալու ձգտում, ու անաչառ լուծում դժվար թե գտնվի։ Մասնագիտական լեզվով ասած՝ կողմերն իրենց դիրքերից չեն ուզում հրաժարվել, թեպետ երկուսի այլընտրանքն էլ ձեռնտու չէ։ Ու հենց սա էլ կոչվում է պատային վիճակ։
Բիզնեսում, նման բարդ բանակցությունների արդյունքում մշակվում է մի շարք երկկողմանի ընդունելի չափանիշներ, որպեսզի վերջնական որոշումը լինի երկուսի համար արդար։
Մեր դեպքում կա նաև երրորդ կողմ՝ էներգետիկ համակարգը։
/Դե սա ավելի է բարդացնում/
Մեր դեպքում արդար չափանիշն է ոլորտի նորմալ կառավարումը։ Դե գնա ու այդքանը մանրակրկիտ մշակի՝ համարյա բոլոր օրենքները պիտի փոխվեն, ռազմավարություն պիտի մշակվի, շատ ղեկավարներ փոխվեն և այլն։ Պարզ է որ այս աստիճան արդյունավետ բանակցություններ անհնար է։ Համենայն դեպս այս պահին։
Տակը մնում են այն լուծումները, որը կփրկի երկու կողմի դեմքը։ /կամ էլ գործըթնացային լուծումները, բայց սրանք ավելի բարդ են/
-------------
Ամեն դեպքում կառանձնացնեմ երեք չափանիշ։
Ա/ Ոչ թալանին։ Սրա լուծումը վերահսկողության ու կարգավորման նոր մոտեցումներն են։ Փաստ է, գործող մոտեցումը չի աշխատում։
Բ/ Սակագին։ Սա չորս մաս ունի, բացարձակ գումարը, բարձրացման փաստը, հնից եկող խնդիրը /կուտակված/ և ապագայի բեռը։ Եթե Ա/ կետը պիտի լուծի ապագան, ապա մյուս երեքն ավելի բարդ են։
Մարդիկ այս պահին դեմ են ցանկացած բարձրացմանը՝ քանի որ համարում են, որ այն արդար չի։ Սակագնի մարժայի կառուցվածքում 2.36 դրամը պայմանավորված է էներգիա արտադրողներով /նրանց սակագնի աճը առանց ցույց անցավ smile emoticon /։ Եթե միայն սա ընդունվի ՀԷՑ-ը կհամարի անարդար, որ էներգիա արտադրողներին թույլատրվում է ամեն ինչ, իսկ իրեն՝ ոչ։ Բայց սա այն մինիմալն է, որից ներքև անհնար է պահել սակագնի աճը /այսինքն աճ եթե չլինի, նա պետք է թանկ գնի հոսանքը, քանց նախկինում, բայց նույն սակագնով վաճառի/
Գ/ Պարտքերը։ Ա-ի ու Բ-ի համադրությունն է սա։ Սակագինը չբարձրացնենք արդյունավետությունը չբարձրացնենք՝ ավելի շատ պարտքեր են կուտակվեկու՝ ուղղակի խնդիրը տեղաշարժում ենք ապագա։ Արդյունավետությունը բարձրաձնենք սակագինը թողնենք նույնը՝ հին պարտքերի հարցը միևնույն է մնալու է։ Ժամանակին ջրի կառավարման պայմանագրում սենց մոտեցում կար՝ այսինքն թանկ սկսում ենք՝ պայմանով, որ հետո էժանացնելու եք՝ արդյունավետության բարձրամցմբ։ ԲԱՅՑ, սակագնի ձևավորումը միայն ՀԷՑ-ից չի կախված. Եթե միայն ՀԷՑ-ը լիներ, այնքան հեշտ կլիներ՝ էներգակիրներ, փոխարժեք, արտադրողներ, նրանց սակագներ, նրանց թալանին վերջ, բաշխում /որ իմանաք թե այդ «ռուբիլնիկը» ոնց է ազդում սակագնի վրա/, բարձրավոլտ ցանցեր ու նոր վերջում ՀԷՑ։ /Նույնիսկ Նաիրիտ, բայց սա հին ու ուրիշ պատմություն է, երևի կծիկի սկիզբը/
ՀԳ
Բանակցություններով տարիներով զբաղվելու փորձն եմ այստեղ գրել, ու, վերջիվերջո, ստիպեցիք զբաղվեմ էներգետիկայի տնտեսագիտությամբ. մի բան, որ միշտ խույս եմ տվել, քանի որ շատ «մուխանաթ» ոլորտ է։